Հայրենյաց ներկայացուցչական երկրորդ մարմնում` ԱԺ-ում (հիշենք` այն տեղակայված է նախկին Կոզեռնի գերեզմանոցում), այս անգամ «հացատերերը» թատրոնի պակաս չունեցան: Կուլմինացիան, անշուշտ, ընդդիմադիրների «կորած» քվեներն էին, սակայն Րաֆֆի Հովհաննիսյանի, որպես նախագահի թեկնածու բեմելուց, զորավարի հետ («Բերկուտ, ես «ժողովուրդն» եմ» կեցվածքով) աղոթելուց հետո, այն մեծ նորություն չէր` «ուժայինների» նկատմամբ խոր քրիստոնեական սիրո արտահայտության տեսանկյունից:
Նորույթը այն էր, որ Գևորգ Կոստանյանի հետ կարծես պառլամենտական վերնախավը պայմանավորվածություն էր ձեռք բերել` կանոնակարգային փոփոխությամբ, գլխավոր դատախազի տարեկան հաշվետվությունը հնչեցնել ԱԺ դահլիճում, ինչին սկզբունքորեն կողմ արտահայտվեց պարոն Կոստանյանը: ՈՒ թե ԱԺ վերնախավը «սամթը» գտնի, նաև այդ հաշվետվությունը «ենթարկի» պատգամավորների քվեարկությանը, ապա դատախազական համակարգի վրա օրենսդրի ազդեցությունն անչափելի կլինի:
Էս հերիք չէ, հետն էլ եթե սույն նախադեպը տարածվի մնացյալ` Կենտրոնական բանկի ու Վերահսկիչ պալատի հաշվետվությունների վրա, ապա ԱԺ-ն կվերածվի կարգին «մոնստրի», որն իր քվեարկության «ձեռքում» կպահի անչափ կարևոր այդ կառույցների բոլոր «սանձերը»:
Խորհրդարանն այս անգամ, սակայն, հանրության ուշադրության կիզակետում էր շատ ավելի կենսական` համաներման փաստաթղթի քննարկման առիթով, ինչին շունչը պահած սպասում էին հազարավոր ընտանիքներ: Ընդ որում, այդ փաստաթղթի շուրջ աշխատանքները նույն նախագահականում, համապատասխանաբար` արդարադատության նախարարությունում, այնքան գաղտնի էին տարվում, որ նախարար Հրայր Թովմասյանը երկու ամիս առաջ գրեթե երդմանը հավասար «տղամարդկային» խոսք ասաց մեր թերթին առ այն, որ` ո՛չ, չի լինելու համաներում, «հաստատ բան եմ ասում»` ասաց: Սա` ի միջի այլոց:
Ի դեպ, տեսակետ կա, որ այս մի համաներումը նախորդ յոթ համաներումներից ավելի հումանիստական է, որովհետև տարածվում է այնպիսի հոդվածների վրա, որոնք մինչ այսօր երբեք ներառված չեն եղել համաներման «հոդվածներում»:
Մոտեցումը, անշուշտ, հումանիստական է: Այնուհանդերձ, այս մի համաներումը նույնպես չառնչվեց «ցմահներին»: Այն դեպքում, երբ վաղուց խոսվում է նրանց համար որոշակի չափայնացում կիրառելու անհրաժեշտության մասին:
Այս առումով փոքր-ինչ անհանգիստ էր ՀՅԴ խմբակցությունը` ի դեմս Արծվիկ Մինասյանի: Հասկանալի է, ՀՅԴ-ի խիղճը տանջում է:
Վահան Հովհաննիսյանը շուտով կթևի դեպ Գերմանիա` դե-սպանվելու (սխալ չհասկանաք), Արմեն Ռուստամյանը նախորդ օրը ստրասբուրգյան բարձր «գահավորակին» փառահեղորեն նստած վայելում էր գործընկերուհու` Զարուհի Փոստանջյանի հարցմունքը` ուղղված երկրի նախագահին, ընկեր Հրանտը դեռ համակարգում է ՀոՀիԴա-ն` օրումեջ նախագահական կատարած յուր ելումուտով, դե մնացածները` նույն Արծվիկ Մինասյանն ու այլ դաշնակցականներ, մասնակցում էին Սամվել Ալեքսանյանի զավակաց կնունքի արարողությանը, սեղանից սեղան անցնելով շնորհավորում զմիմյանս այդ սուրբ առիթով, իսկ հավատավոր ընկեր, ցմահ դատապարտյալ Արմենակ Մնջոյանը… բանտում, պատին չխաղացող արևի շողերն առած հոգու մեջ, դեռ որոնում է իրեն ցավեցնող հարցերի պատասխանը.
-Ինչո՞ւ:
Ինչու ու ինչպես եղավ, որ նույն գործով դատապարտված մարդկանց մնացած մասը դուրս եկավ բերդից, իսկ ինքը մնաց` ցմահ:
Ինչու և ինչպես եղավ, որ «իրավիճակի փոփոխության պատճառով» ազատ արձակված, սպանության, երկրի դավաճանության մեղադրանքով դատապարտված նրանցից մեկն այսօր արդեն դեսպանի հայտով արտասահման է մեկնելու` սեփական երկիրը ներկայացնելու, իսկ իրենց պատիժը գոնե վեց ամսով նույն այդ պետական-ընդդիմադիր տղերքը չեն կարողանում փոքրացնել տալ` նախագահական կատարած իրենց այցերի ժամանակ։
Ինչո՞ւ: Բայց չէ՞ որ կարելի էր իշխանությունների հետ «բազարի» մտնել ոչ թե պաշտոնների, այլ հենց այս հարցով:
Մանավանդ որ այն այդքան արդիական ու ցավոտ է:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ